«Կինդեր» ձվիկի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելվել է

«Կինդեր» ձվիկի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Հայաստանի Հանրապետություն «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանք ներմուծող երկու կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին տեսչական մարմնից:

Ստուգումներն իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի հայտնաբերման հետևանքով:

ՀՀ նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություն կա՝ «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (ներկրում է Գերմանիայից): Ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:

Տեսչական մարմնից նշեցին՝ լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում