«Դոն Պիպո»-ի և նրա կնոջ ազգականի կողմից հանցավոր խումբ ստեղծելու գործով 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

«Դոն Պիպո»-ի և նրա կնոջ ազգականի կողմից հանցավոր խումբ ստեղծելու գործով 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերմիներին:

Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին:

Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև՝ այլ անձինք ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու:

Հանցավոր համագործակցության ղեկավարների և դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի գործածմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար, հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում:

2021թ. մարտին Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Հ.Գ.-ի, Ա.Դ.-ի, Լ.Դ.-ի և Ա.Ա.-ի հարաբերությունները լարվել են: Վերջինս, համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, 2021թ. մարտի 14-ի երեկոյան իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների, պահնորդների ու այլ անձանց հետ Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է Հ.Գ.-ի, վերջինիս մտերիմների և ինքնությունները չպարզված շուրջ 40 այլ անձանց հետ:

Հանդիպման ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած ու կրած հրազեններով և ռազմամթերքով երկուստեք զինված խմբավորումների կազմում ընդգրկված մի քանի տասնյակ անձինք կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ, ինչի արդյունքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել:

Կատարվածից հետո Ա.Ա.-ն համախոհներին հանձնարարել է դեպքից առաջ նրանց տրամադրված ատրճանակների հետքերը վերացնել, դեպքին մասնակից և ներկա գտնված անձանց հրահանգել է փոխել ու թաքցնել դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները և, տևական ժամանակ աշխատանքի չհաճախելով, թաքնվել իրավապահներից:

Նշված, ինչպես նաև Ռ.Ս.-ի և Ա.Ա.-ի եղբոր սպանության՝ դրան հաջորդած դեպքերից հետո, Կ.Ղ.-ն և Ա.Ա.-ն մեկնել են Հայաստանի Հանրապետությունից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ և համախոհ Ա.Հ.-ն:

Ա.Ա.-ի և նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, կատարված սպանությունների մեջ մեղավոր անձանց և նրանց համախոհների հետ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու միջոցով իր նպատակին հասնելու համար, հանդես գալով Ա.Ա.-ի անունից, խոշոր գումարի դիմաց Ա.Հ.-ն Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում պատվիրել է սպանել, իրենց համոզմամբ, հիշյալ սպանությունները կատարած Հ.Գ.-ին, վերջինիս եղբայր Վ.Գ.-ին և Ա.Պ.-ին:

Այդ նպատակով Ա.Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր երկու ծանոթների հետ՝ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ, և սկսել վերջիններիս մարզել: Սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում հանցավոր համագործակցության անդամների կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չեն հասցվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով, 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Վ.Գ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Որոշումներ են կայացվել՝ հանցավոր համագործակցության պարագլուխներ Ա.Ա.-ին և Կ.Ղ.-ին 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 223-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Բացի այդ, հանցավոր համագործակցության ևս մեկ անդամ որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 223-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում