Մանվել Գրիգորյանի որդու և փեսայի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է

Մանվել Գրիգորյանի որդու և փեսայի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, Times․am: «Հրապարակ»-ի տեղեկություններով` գեներալ Մանվել Գրիգորյանի հետախուզման մեջ գտնվող որդին` Արմանը եւ դատավոր աղջկա ամուսինը` Արտակը, ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին։ 

Նրանց նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է։ Տեղեկությունը հաստատեց նրանց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ «Կամավոր ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին», – ավելացրեց Բաղդասարյանը։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին։

Նշենք, որ դեռեւս 2019 թվականին  ՀՔԾ-ից հայտնել էին, որ Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /Հանգստյան տուն 28/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ԱՐԱ ԼԵՌ կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «ԱՐԱ և ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում: Մասնավորապես, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում