«Փյունիկ»-ը գերլարված պայքարում հաղթեց «Կլուժ»-ին և կշարունակի խաղալ Չեմպիոնների լիգայում

«Փյունիկ»-ը գերլարված պայքարում հաղթեց «Կլուժ»-ին և կշարունակի խաղալ Չեմպիոնների լիգայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, Times․am: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը մրցակցի հարկի տակ պատասխան հանդիպումն անցկացրեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժ»-ի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ առաջին խաղում արձանագրված գոլազուրկ ոչ ոքիից հետո ռումինական ակումբը սեփական հարկի տակ բավականին ակտիվ սկսեց հանդիպումը և շատ արագ բացեց հաշիվը։ 6-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո գոլի հեղինակ դարձավ Աջեյ Բոատենգը։

Գոլից հետո «Կլուժ»-ը հիմնականում փորձում էր հանգստացնել խաղը, ինչը նրանց մոտ ստացվեց, քանի որ առաջին խաղակեսի ընթացքում «Փյունիկ»-ը մեծ հաշվով մրցակցին ոչինչ չառաջարկեց։ Առաջին կեսն ավարտվեց 1-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները, սակայն սուր գրոհներ հայկական ակումբի ֆուտբոլիստներին չէր հաջողվում կազմակերպել։ Հանդիպման վերջնամասում արդեն «Կլուժ»-ը փորձում էր հանգիստ ավարտին հասցնել խաղը, սակայն, երբ թվում էր, թե «Կլուժ»-ի նվազագույն առավելությամբ էլ հանդիպումը կավարտվի, անկյունայինի խաղարկումից հետո «Փյունիկ»-ը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ 89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Զորան Գայիչը։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ որի առաջին խաղակեսում «Կլուժ»-ը, օգտվելով դաշտի կենտրոնում«Փյունիկ»-ի ֆուտբոլիստների կոպիտ սխալից, սուր գրոհ կազմակերպեց և կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Պետրիլան։

Լրացուցիչ ժամանակի մնացած ժամանակահատվածն անցավ փոխնիփոխ գրոհներով։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի վերջում «Փյունիկ»-ը կրկին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն մրցակցի դարպասապահի դեմ մեն մենակ մնացած Դավիդ Դավիդյանը վերջին պահին սայթաքեց ու չկարողացավ հարվածել դարպասին՝ գնդակը նվիրելով մրցակցի դարպասապահին։

Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում «Փյունիկ»-ը կրկին շանս ստացավ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Հովհաննես Հարությունյանը չկարողացավ գոլի վերածել 11 մետրանոց հարվածը։ Նա այնքան անհաջող հարվածեց, որ մրցակցի դարպասապահն ուղղակի հանգիստ որսաց գնդակը։

Չնայած չիրացված 11 մետրանոցին՝ «Փյունիկ»-ը շարունակում էր անդադար գրոհները, սական ռումինական ակումբի ֆուտբոլիստներն անձնուրաց պաշտպանվում էին։

Ի վերջո, գրոհների տարափից հետո «Փյունիկ»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Լրացուցիչ ժամանակի ավարտին կրկին գոլի հեղինակ դարձավ Զորան Գայիչը։

«Կլուժ»-ն անմիջապես նետվեց առաջ կորցրածը հետ բերելու համար, սակայն նրանց գրոհներն ապարդյուն էին։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով և տեղափոխվեց 11 մետրանց հարվածաշար։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին երևանյան ակումբի ֆուտբոլիստները և նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր։

Չեմպիոնների լիգայի որոկավորման երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ»-ը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում