Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործընկերոջը 2020 թ. Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Չեխ գործընկերոջ հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Միրզոյանը իր ելույթում շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված:

Նախարար Միրզոյանը, մասնավորապես, բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը:

«Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր», – ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Արտգործնախարարը նաև նշել է, որ ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար:

«Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման», – ասել է նախարար Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին աշխատանքային այցով մեկնել էր Չեխիա Հանրապետություն, որտեղ նա հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում