Yerevan
8
+25°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող հիմք ստեղծել խաղաղության համար․ Միրզոյան

Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող հիմք ստեղծել  խաղաղության համար․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, Times․am: Հուլիսի 26-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար։

Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը: Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում