Թուրքիան չի կարող չմիջամտել սիրիական հարցին. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում տեղի ոնեցող զարգացումներին, հայտարարել է, որ Թուրքիան չի կարող չմիջամտել սիրիական հարցին:

Ինչպես հաղորդում է  «Անատոլու» լրատվական գործակալությունը, լրագրողի այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել Թուրքիան Սիրիայի հարցում, Գյուլն ասել է, որ Թուրքիան առաջնորդվում է տարածաշրջանում եւ երկրում կայունություն, անվտանգություն եւ խաղաղություն ապահովելու ազգային շահերով: Նրա խոսքով’ Թուրքիան ցանկանում է, որ հարեւան երկրներում լինեն կառավարություններ, որոնք բարիդրացիական հարաբերություններ կունենան Թուրքիայի հետ եւ կայունություն կապահովեն իրենց երկրներում:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, որի հետեւանքով մեծ մարդկային կորուստ է եղել, անպատասխան չի մնա: «Որպես տարածաշրջանի երկիր, Թուրքիան չի կարող չմասնակցել այս հարցին: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում տիրող այս քաոսն ավարտվի եւ անվերահսկելի բախումները կանխվեն», -ասել է Գյուլը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ Անկարային կբավարարի Սիրիայի կառավարության դեմ միջազգային ուժերի այնպիսի ռազմական միջամտությունը, որը կբերի Բաշար Ասադի իշխանության տապալմանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հայտարարել է, որ Սիրիայի դեմ հնարավոր ռազմական միջամտությունը ուղղված է ոչ թե Բաշար Ասադի իշխանության տապալմանը, այլ Սիրիայի զինված ուժերի թուլացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում