Հայաստանի նման մարտական վիճակում գտնվող երկրներում զինվորական ծառայության պայմանները ոչ թե հեշտացնում են, այլ դժվարեցնում

Հայաստանի նման մարտական վիճակում գտնվող երկրներում զինվորական ծառայության պայմանները ոչ թե հեշտացնում են, այլ դժվարեցնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Հայաստանի նման մարտական վիճակում գտնվող երկրներում զինվորական ծառայության պայմանները ոչ թե հեշտացնում են, այլ, ընդհակառակը, դժվարեցնում են, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր որոշմանը, որով հրաժարվում են պահեստազորի եռամսյա հավաքներից և փոխարեն հավաքները 25-օրյա ժամկետով են իրականացնում:

ՊՆ նախկին նախարարը շեշտել է՝ հավաքների կազմակերպման ժամկետները զորահավաքության պատրաստության ծրագրի և պահեստազորայինի զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն պետք է իրականացվեն և պետք է միտված լինեն զինվորականի ունակությունների կատարելագործմանն ու մշտական պատրաստվածության պահպանմանը։

«Այդ հավաքները կլինեն մեկշաբաթյա, 25-օրյա, թե եռամսյա, Կառավարությունը պետք է որոշի՝ ՊՆ-ի առաջարկությամբ: Ես կարծում եմ՝ եռամսյա հավաքների ժամկետը մարտական գործողությունների մեջ չգտնվող երկրի համար շատ է, բայց Հայաստանը մարտական գործողությունների մեջ գտնվող երկիր է: Առհասարակ, Հայաստանի նման երկրում ողջ ուժը պետք է ներդնել՝ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար, բանակի վերականգնման համար:

Ես այսօր ԶՈՒ կազմի վիճակի մասին տեղեկություններ չունեմ, բայց այն, որ հակառակորդը մշտապես սադրանք է իրականացնում և մենք տուժում ենք, միանշանակ է, ուստի ծառայության պայմանները պետք է խստացվեն, բայց դրանք զինվորական ծառայության և պաշտպանության վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումներ պետք է լինեն»,-ասել է նա:

Բանակի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր այսօր արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրացնելով՝ Հայաստանն անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի:

Սեյրան Օհանյանն ընդգծել է ՝ դա կարևոր է ծառայության նկատմամբ գրավչություն ստեղծելու առումով, բայց միայն աշխատավարձ բարձրացնելով՝ պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում։

«Դա գրավչության կոմպոնենտ է՝ աշխատավարձ, բնակարանային պայմաններ, արժանապատիվ կենսաթոշակ և, իհարկե, ամենակարևորը՝ հասարակության վերաբերմունքը զինվորական ծառայողի նկատմամբ ու հայրենասիրական ոգին, ինչը, այս իշխանությունների օրոք, ոտնահարվել է»,-ասել է Օհանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում