Ժնևում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Ժնևի էկումենիկ կենտրոնում սեպտեմբերի 2-ին բացվել է «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Ղուկ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես’ նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանը’ Հայոց Մեծ եղեռնին: Թեմատիկ ցուցավահանակների և գրքույկի միջոցով այցելուներին են ներկայացվել պատմական ամփոփ տեղեկություններ Հայաստանի ու հայ ժողովրդի, հանուն հայրենիքի և հավատքի հայոց դարավոր մաքառումների մասին, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արխիվային վավերագրեր և լուսանկարներ, համաշխարհային մամուլի էջերում տպագրված հոդվածներ, Եղեռնը վերապրած հայորդիների վկայություններ, Քրիստոնեական Եկեղեցիների պետերի գրություններ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններ:

Ցուցահանդեսի նյութերում տեղ են գտել նաև առաջին անգամ հրապարակվող արխիվային նյութեր, ինչպես օրինակ’ Կ.Պոլսի Հայոց պատրիարքի նամակները: Որպես խոսնակ’ ցուցահանդեսի բացմանը հրավիրված են եղել Ֆրանսիայի հայոց թեմի Մարսելի և Հարավային շրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը և ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ դոկտոր Իսաբել Ապավո Փիրին:

«Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» ցուցահանդեսը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվը և Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ’ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աջակցությամբ: Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի վերջ և հետագայում կկազմակերպվի նաև այլ երկրներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում