ՄԱԿ-ի տեսուչները հաստատել են քիմիական զենքի կիրառումը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այն կարծիքին են, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է իրենց դիրքորոշումն առ այն, որ այդ գրոհի համար պատասխանատու են Սիրիայի իշխանությունները, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ը ներկայացրել է իր տեսուչների զեկույցը, որում ասված է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանի վրա կատարված հարձակման ըթնացքում օգտագործվել է զարին գազը: Տեսուչների պատվիրակությունն առաջադրանք չի ունեցել պարզելու, թե հատկապես ով է կիրառել քիմիական նյութը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները հայտարարել են, որ տեսուչների կողմից հավաքված տեխնիկական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ միայն կառավարական զորքերը կարող էին իրականացնել այդ գրոհը:

Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել «չշտապել այդօրինակ եզրակացություններ անելիս» եւ հավելել է, որ առայժմ չի կարելի ամբողջովին ժխտել այն պնդումները, որ օգոստոսի 21-ի քիմիական գրոհի համար պատասխանատվություն են կրում սիրիացի ապստամբները:

ՄԱԿ-ի զեկույցում ասված է, որ Դամասկոսի արվարձանում օգտագործվել են զարինով լցված հրթիռներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դա որակել է հրեշավոր հանցագործություն: «Հանձնախումբը եկել է այն եզրակացության, որ Գուտայում՝ Դամասկոսի շրջանում, քիմիական զենքը կիրառվել է բավականին մեծ քանակությամբ: Այդ գրոհը հանգեցրել է մեծ թվով զոհերի, գլխավորապես՝ խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է Պան Գի Մունը՝ ներկայացնելով տեսուչների զեկույցը:

Երբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պան Գի Մունին հարցրել են, թե նա գիտի արդյոք՝ ով է կանգնած գրոհի ետեւում, նա պատասխանել է, թե «մենք բոլորս կարող ենք մեր մտքերն ունենալ այդ կապակցությամբ» եւ հավելել, որ «ուրիշներն են որոշելու»՝ ինչ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի կարծիքով՝ «ՄԱԿ-ի զեկույցում շարադրված տեխնիկական մանրամասները պարզորոշ մատնանշում են, որ միայն ռեժիմն էր ի վիճակի իրականացնել նման մասշտաբի քիմիական գրոհ»:

«Զեկույցի տեխնիկական մասից հետեւում է, որ այդ գրոհի համար պատասխանատվություն է կրում բացառապես սիրիական ռեժիմը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:

«Եթե ուշադիր ուսումնասիրենք զեկույցում պարունակվող տեղեկատվությունը, թունավոր գազի քանակը, խառնուրդների բարդությունը, կրիչների հետագիծը, ապա ոչ մի կասկած չի մնա այն հարցում, թե ով է իրականացնողը»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

Այսօր Ֆաբիուսը ուղեւորվում է Մոսկվա, որտեղ նա մտադիր է քննարկել Սիրիայի քիմիական զինանոցը միջազգային հսկողության տակ դնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում