Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ շփման գծից չի հեռացնի դիպուկահարներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը շփման գծից դուրս չի բերի իր դիպուկահարներին, քանի պատերազմը չի ավարտվել: Նա այս մասին հայտարարել է Թարթառի շրջանում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում ՊՆ բարձրաստիճան սպաների, պատգամավորների, հասարակայնության եւ մտավորականության ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ԱզերիՊրես» լրատվական գործակալությունը, անդրադառնալով դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների պահանջներին, Սաբիրօղլուն ասել է. «Ադրբեջանի պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դա անել: Մենք դիպուկահարներին դուրս չենք բերի, մինչեւ չավարտվի պատերազմը»:

Ելույթ ունենալով պատվիրակության առջեւ, որի կազմում Թարթառ են ժամանել Ադրբեջանի գրողների միության նախագահ Անարը, պատգամավորներ Խադը Ռաջաբլին, Այդըն Միրզազադեն, ժողովրդական դերասաններ եւ այլք, Սաբիրօղլուն խոսել է ադրբեջանական բանակի «հսկայական ձեռքբերումների» մասին եւ հայտնել, որ պաշտպանության նախարարությունը «չի թաքցնում եւ չի աղավաղում բանակում զինվորների մահերի փաստերը»’ չնշելով զինվորների մահվան որեւէ թիվ: Նա նաեւ հավելել է, որ ներկայում Ադրբեջանը աշխարհի ավելի քան 20 երկրների հետ բանակցություններ է վարում ռազմական համագործակցության գծով:

2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը, ըստ ադրբեջանական ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի, կազմել է 69 զինծառայող, որոնցից 62-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 75 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում