Ալիևը կրկին «թքել է» դեմոկրատիայի ճակատին

Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ թեկնածուների միջեւ սեպտեմբերի 17-ին անցկացված հեռուստաբանավեճն անցել է փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով: Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, բանավեճին մասնակից 10 թեկնածուների մեծ մասը քննադատության «տարափ» է թափել ոչ թե իշխանությունների, այլ ընդդիմության հասցեին: Նախագահի թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիեւը չի ներկայացել հեռուստաբանավեճին, այնտեղ նրան ներկայացրել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, ով նաեւ Ալիեւի ընտրական շտաբի ղեկավարն է:

Բոլոր թեկնածուներից իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ եւ մերկացումներով ելույթ է ունեցել ընդդիմության եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա նշել է, որ հիմնական հարցը ոչ թե ընտրություններից ընտրություններ խոստումներ բաժանելն է, այլ նաեւ այդ խոստումները կատարելու մասին հաշվետվություն ներկայացնելը:

«Իլհամ Ալիեւը պետք է մասնակցի հեռուստաբանավեճերին: Բայց նա չի ցանկանում լինել մյուս թեկնածուների հետ միասին, անհարգալից վերաբերմունք է դրսեւորում նրանց նկատմամբ, հաշիվ չի տալիս ժողովրդին: Իլհամ Ալիեւը պետք է պատասխանի ժողովրդի հարցերին: Նա պետք է պատասխան տա, թե ինչ փողերով է Դուբայում 75 մլն արժողությամբ 5 վիլլաներ ձեռք բերել իր’ այն ժամանակ դեռ 11-ամյա որդու համար, ինչի մասին գրել էր «Վաշինգթոն փոստ» թերթը: Նորմալ երկրում միայն այդ փաստի համար կառավարությունը հրաժարական է տալիս: Փաստաթղթեր են հայտնվել Իլհամ Ալիեւի կողմից Վիրջինյան կղզիներ մեր երկրից 48 մլրդ դոլար դուրս բերելու մասին: Դա մի քանի անգամ գերազանցում է երկրի պետական բյուջեն: Նա պետք է խոսի Պանամայում իր ընտանիքին պատկանող ընկերությունների մասին: Գյուղատնտեսության նախարարի որդին Լոնդոնում 26 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի: Դա դեռ մեկ նախարար է: Պետք է բացահայտվեն նաեւ մյուս նախարարների’ արտասահմանյան ունեցվածքի մասին տեղեկությունները:

Նավթային երկիր Ադրբեջանում խիստ ցածր են աշխատավարձերն ու թոշակները: Նրանք, ովքեր միլիարդավոր դոլարներ են արտահանում, չեն ցանկանում նորմալ աշխատավարձ եւ թոշակ վճարել ժողովրդին: Մայրենի լեզվի քննությանը դպրոցականների 42 տոկոսն անբավարար է ստացել: Ադրբեջանում կոռուպցիայի գագաթին կանգնած է ինքը’ Իլհամ Ալիեւը»,- նշել է ընդդիմության թեկնածուն:

Ալիեւի լիազոր ներկայացուցիչը Ահմեդլին Հասանլիի ելույթը բնութագրել է մտացածին, «փաստերով չհիմնավորված եւ ապացույցներ չունեցող թերթային նյութեր»:

Ինքնաառաջադրված թեկնածու, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է, թե Իլհամ Ալիեւի դեմ քննադատությունները արտասահմանյան մամուլում սկսել են հնչել այն բանից հետո, երբ նա դեմ է հանդես եկել Հայաստանի հետ Թուրքիայի միջեւ սահմանը բացելուն: Օրուջը, նախագահի թեկնածուներ «Ժամանակակից Մուսավաթ» կուակցության առաջնորդ Խաֆիզ Հաջիեւը, Սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն եւ «Ազգային վերծննդի շարժման» առաջնորդ Ֆարաջ Գուլիեւը Ջամիլ Հասանլըին եւ ընդդիմությանը մեղադրել են «հայերի հետ համագործակցության» մ եջ:

Նախագահի թեկնածու, «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադեն հանդես է եկել Ադրբեջանում համակարգային բարեփոխումներ անցկացնելու օգտին:

«Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Գուդրաթ Հասնագուլիեւն էլ հանդես է եկել խորհրդարանական հանրապետության անցնելու օգտին: Նա նաեւ առաջարկել է Ադրբեջանի հանրապետությունը վերանվանել «Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն»’ հայտարարելով, թե ադրբեջանցիների երկու երրորդը բնակվում են այսպես կոչված «Հարավային Ադրբեջանում»’ Իրանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում