Դիարբեքիրի քաղաքապետի նախաձեռնությամբ կկանգնեցվի նոր հուշարձան կոտորված հայերի հիշատակին
Նմանատիպ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում «Համատեղ խղճի հուշարձանի» բացման գաղափարը եղել է քաղաքապետ Օսման Բայդեմիրինը: Նա դեռևս երկու տարի առաջ է հայտարարել այդ մասին և տեղեկացրել, որ երբ գա Հայաստան, առաջինը լինելու է Ծիծեռնակաբերդում և «Երևանի ռադիոյում» (Հանրային ռադիո): Այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Երկու տարի առաջ Դիարբեքիրի քաղաքապետն այս նապտակի մասին տեղեկացրել է հայ և թուրք լրագրողներին’ նրանց հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ցեղասպանության տարիներին Դիարբեքիրում հայերի ազգային պահպանման հարցում մեծ դեր է կատարել «Երևանի ռադիոն»’ մշտապես հեռարձակելով հայերեն հաղորդումներ: Այդ է պատճառը, որ մեծ ցանկություն ունի գտնվել այնտեղ: Այնուհետև սկսվեց հուշարձանի ստեղծման գործընթացը: Այն նվիրված է քաղաքի զոհված հայերի, ասորիների, քրդերի, եզդիների և հրեաների հիշատակին: Դիարբեքիրի շրջանի Սուրի քաղաքապետարանում Դիարբեքիրի քաղաքապետի և քաղաքի հայ, թուրք, ասորի, քուրդ, եզդի, հրեա բնակչության ներկայացո ւցիչների հետ համատեղ որոշում կայացվեց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատմեց Անդրանիկ Իսպիրյանը:
Նա վստահեցրեց, որ այս գործընթացը չի կարող կապ ունենալ Թուրքիայի հետ, և դա իրատեսական չի կարող լինել, քանի որ Դիրաբեքիրի իշխանություններն առնչություն չունեն Թուրքիայի հետ: Նրանք տեղական իշխանություններ են, որոնք թշնամական հարաբերությունների մեջ են Անկարայի հետ: «Ճիշտ է’ Դիարբեքիրի կողմից այս քայլը չի կարող մեզ համար բավարար հիմք լինել, քանի որ սա 1915թ. թուրքերի կողմից հայերի նկատմամբ կատարած ցեղասպանության մասին կոնկրետ չի արձանագրում: Հուշարձանի վրա միայն նշաված է’ «Նվիրվում է Դիարբեքիրում կոտորված հայերի, ասորիների, քրդերի, եզդ իների և հրեաների հիշատակին»: Սակայն Դիարբեքիրի քաղաքապետը հայտարարել է, որ առաջիկայում կբացվի ևս մեկ հուշարձան, որը նվիրված կլինի միայն կոտորված հայերի հիշատակին»,- տեղեկացրեց թուրքագետը:
Իսպիրյանը կարծում է, որ եթե հուշարձանի վրա գրված լիներ «ցեղասպանություն» բառը, ապա Անկարայի իշխանությունները կճնշեին Դիրաբեքիրի իշխանություններին, այդ իսկ պատճառով նրանք չափազանց զգուշավոր են եղել: Ամեն ինչ արել են, որ մեծ աղմուկ չբնարձրանա, հակառակ դեպքում դատական գործ կհարուցվեր:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Անզելե այգում սեպտեմբերի 12-ին կանգնեցվել է հուշարձան’ նվիրված քաղաքում կոտորված հայերի, ասորիների, քրդերի, եզդիների և հրեաների հիշատակին: Հուշարձանի վրա վեց լեզվով, այդ թվում և հայերեն, փորագրված է մի արձանագրություն. «Ցավը միասնաբար բաժանեցինք, որ մեյ մըն ալ չպատահի»: «Համատեղ խղճի հուշարձանի» բացման արարողությանը մասնակցել են Դիարբեքիրի Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, փոխքաղաքապետ Հաֆիզե Իփեքը, հայազգի գրող Մգրդիչ Մարգոսյանը և այլք: Ելույթով հանդես է եկել և ներողություն խնդրել Դիարբեքիրի հոգևորականների ասոցիացիայի ղեկավար Զահիթ Չիվթկուրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում