Թուրքիայում քրդերեն խոսելու համար մեկ մարդ սպանվել, մեկն էլ վիրավորվել է

Ստամբուլի Բաղչըլար ավանում գտնվող մի աշխատավայրում քրդերեն խոսելու համար թուրքերը սպանել են ծագումով մի քրդի եւ ծանր վիրավորել եւս մեկ աշխատակցի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «bianet.org»-ը, թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (BDP) ստամբուլցի պատգամավոր Սեբահաթ Թունջելը:

Պատգամավորի խոսքով’ աշխատավայրում երկու քրդեր իրար հետ քրդերենով խոսելու պատճառով ենթարկվել են թուրք աշխատակիցների կողմից հարձակման: Արդյունքում քրդերից մեկը զոհվել, մյուսն էլ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քուրդ պատգամավորը հայտարարել է, որ այդ հարձակումը մայրենի լեզվի տարածման հարցում թուրքական կառավարության դեմ դիրքորոշման անդրադարձն է թուրք բնակչության շրջանում:

Այդ միջադեպից զայրացած քրդերը շուրջ կես ժամ փակել են դեպի Աթաթուրքի օդանավակայան տանող մայրուղին’ մեծ խցանում առաջացնելով ճանապարհին, եւ հանպատրաստից կազմակերպված միտինգում «Անիծվի ֆաշիզմը» լոզունգներ հնչեցրել: Այնուհետեւ հարյուրավոր քրդեր հավաքվել եւ միջադեպի հետ կապված բողոքի ակցիա են անցկացրել մոտկայքում գտնվող «Kanal D» հեռուստաալիքի գրասենյակի եւ թուրքական «Հուրիեթ» թերթի խմբագրատան առջեւ:

Նշվում է, որ այդ աշխատավայրում քրդերի նկատմամբ մինչ այժմ նման հինգ հարձակումներ են կատարվել, որոնց արդյունքում մի քանի քուրդ աշխատակիցներ ծանր վիրավորվել են: Թուրքերը իրենց քուրդ աշխատակիցներին դանակահարել եւ ծանր վիրավորելուց հետո փաթաթել են ծածկոցով ու նետել աղբարկղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում