Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախով հետաքրքրված Կանադայի պատգամավորին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է մեկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին և նրան ուղեկցող անձանց։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին, խորհրդարանի նախագահը նշել է, որ հաճելի է հանդիպել Կանադայի խորհրդարանի ազդեցիկ դեմքերից ու երկրի քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի հետ, ով առանցքային դեր է կատարել դաշնային օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Մեզ համար կարևոր է, որ տարբեր երկրների խորհրդարանների մեր գործընկերները տեղեկացված լինեն Արցախի մասին՝ իրերի վիճակին ականատես լինելով անմիջապես տեղում։ Միևնույն ժամանակ, այս կարգի շփումները, կարծում եմ, հեռանկարային նախադրյալ կհանդիսանան մեր երկու խորհրդարանների միջև կապերի հաստատման համար»,- ասել է Ղուլյանը։

Իր հերթին, նշելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Լեռնային Ղարաբաղում և հանդիպում ունենալ խորհրդարանի նախագահի հետ, կանադացի պատգամավորը հայտնել է, որ այցի նպատակը զուտ ճանաչողական է։ «Ուզում եմ ավելի շատ բան իմանալ ձեր երկրի ու ժողովրդի մասին, որպեսզի այստեղ ստացածս տեղեկությունները հաղորդեմ գործընկերներիս, ու նրանք նույնպես լիարժեք տեղեկացված լինեն Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասել է Ստեֆան Դիոնը։

Կանադացի հյուրին հետաքրքրել է Արցախի մասին ամեն ինչ՝ սկսած ղարաբաղյան հիմնախնդրից, կարգավորման գործընթացից, երկրում ընտրական համակարգի դրվածքից, խորհրդարանի գործունեությունից, կառուցվածքից, քաղաքական կազմից մինչև հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի ամենատարբեր բնագավառներն ու ոլորտները, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը տվել է համապատասխան պարզաբանումներ։

Հանդիպմանը ներկա են գտնվել Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Պասմաճյանը տիկնոջ՝ Հասմիկ Պասմաճյանի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում