Թուրքիայում դատական հայց է ներկայացվել երկրի 9-րդ նախագահի դեմ

Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով «Փետրվարի 28» կոչված դատական գործի շրջանակում որոշ գանգատավորների փաստաբան Մուստաֆա Փոլաթը դատական հայց է ներկայացրել այդ երկրի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Կառավարությունը տապալելու նախաձեռնությունն ստանձնելու մեղադրանքով 103 մարդկանց նկատմամբ ընթացող դատական գործի 18-րդ դատալսումն սկսելուց առաջ Թուրքիայի նախկին նախագահի դեմ դատական հայցը ներկայացվել է Էրզրումի 4-րդ ծանր հանցագործությունների դատարան:

Բացի դրանից, փաստաբան Փոլաթը դատարան հարցապնդում է ներկայացրել նաեւ, թե իր պաշտպանյալներին թույլատրվելո՞ւ է օգտվել զղջալու վերաբերյալ իրավական նորմերից, թե ոչ:

Թուրքիայում վերջին ռազմական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել 1996 թ-ի փետրվարի 28-ին, որը անվանվել է «պոստմոդեռն հեղաշրջում»: Թուրքական որոշ շրջանակներ այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին մեղադրում են հեղաշրջման փորձը կանխել չցանկանալու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում