Եվրոպան Ադրբեջանից գործնական քայլեր է պահաջում

Ադրբեջանի նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված Ադրբեջանում Մարդու իրավունքների խնդիրներին: Ինչպես  տեղեկացնում է Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը, Եվրախորհրդարանի պատգամավորները մեկ անգամ ևս քննադատել են Ադրբեջանին՝ հիմնվելով այդ երկրում Մարդու իրավունքների ցածր մակարդակի և ժողովրդավարական արժեքն երի բացակայության վրա:

ԵԽ պատգամավորները շեշտել են իրողությունը, որ քաղաքական անձինք, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախակի «հյուրընկալվում են» ադրբեջանական բանտերում, ինչպես նաև՝ մարդու հիմնարար իրավունքները, ինչպիսիք են խոսքի և հավաքներ անցկացնելու ազատությունները, պարբերաբար ոտնահարվում են իշխանությունների կողմից:

«Մենք ցանկանում ենք տեսնել ազատ և արդար ընտրություններ: Տարածաշրջանում Ադրբեջանը քաղաքական բանտարկյալների ամենաբարձր թիվն ունի, անգամ Բելառուսից ավելի»,- նշել է պորտուգալացի պատգամավոր Անա Գոմեսը: Իսկ Եվրոպայի արտաքին հարաբերությունների գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ «ժողովրդավարությունը, հիմնարար նշանակություն ունի հարաբերությունների հաստատման համար, ուստի մենք պետք է շարունակենք ավելին ակնկալել Ադրբեջանից»:

Ադրբեջանի պատգամավոր Ֆուատ Մուրատովը փորձել է հակադարձել’ նշելով, որ Ադրբեջանի սխալ ընթացքը ապացուցելու համար Եվրոպան փաստեր չունի: Իսկ նրա գործընկեր Ասիմ Մոլազադեն, որպես իր երկրի առաջադիմության վկայություն’ նշել է Ադրբեջանի’ տարածաշրջանում ամենաարագ համացանցն ունենալու իրողությունը:

Սակայն, Ադրբեջանցի պատգամավորների ներկայացրած հակափաստարկները խստորեն դապարտվել են ԵԽ պատգամավորների կողմից որպես Ադրբեջանի իրականությունը չարտահայտող հայտարարություններ:

«Որքա՞ն ժամանակ դեռ Եվրոպան պիտի պահպանի Ադրբեջանի հետ իր հարաբերությունն ակնկալիքների և մաղթանքների մակարդակում: Հասունացել է պահը, երբ Եվրոպան խոսքը վերածի գործի և հյուսեր տածելու փոխարեն սկսի պահանջել»,- այս մասին նշել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում