Բաքվում 5 տարվա ազատազրկման են դատապարտել «Давай, до свидания!» երգի եւ տեսահոլովակի հեղինակին

Բաքվում այսօր կայացած դատալսման ընթացքում դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման պատիժ է սահմանել թալիշական «Թոլըշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի նկատմամբ: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «պետական դավաճանության, ազգամիջյան երկպառակություն սերմանելու, թմրանյութերի առեւտրով զբաղվելու» մեջ: Պատիժը նա պետք է կրի խիստ ռեժիմի կալանավայրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, վճռի հրապարակումից հետո Հիլալ Մամեդովը, դիմելով դահլիճին, ասել է, որ իրեն կարող է դատել միայն Բարձրյալը: Բացի դրանից, նա հատուկ դիմել է լրագրողներին եւ նշել, որ չի պատրաստվում ներում խնդրել: Անդրադառնալով մեղադրանքների էությանը’ Մամեդովն իր դեմ քրեական գործն անվանել է «ամոթալի բիծ ոչ միայն Ադրբեջանի իրավապահ համակարգի, այլ նաեւ երկրի հեղինակության համար: «Սա պաշտոնական եւ ոչ պաշտոնական զրյուցներում ընդունել են նաեւ դատախազության, Ազգային անվտանգության, արդարադատության նախարարությունների եւ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչները, բայց ոչինչ չեն կարողացել անել», -ասել է նա: Թալիշ հասարակական գործիչը նշել է, որ ճաղերի հետեւոմ հայտնվել է դեմոկրատական պետություն կառուցելու պայքարի համար եւ մտադիր է հետագայում եւս գնալ այդ ուղիով:

Մամեդովի փաստաբանները դատարանի վճիռն անարդարացի, չհիմնավորված են անվանել եւ հայտարարել, որ պատրաստվում են բողոքարկել այն:

«Թոլըշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը ձերբակալվել է 2012 թ.-ի հունիսի 21-ին: Ռուսաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում Հիլալ Մամեդովը հայտնի է որպես «Давай, до свидания!» երգի եւ տեսահոլովակի հեղինակ:

Այսօրվա դատական նիստին հետեւել են Եվրամիության, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի եւ այլ երկրների դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանական իշխանությունները Հիլալ Մամեդովի դեմ քրեական գործը կեղծ հիմնավորումներով բացել են այն բանի համար, որ նա իր ղեկավարած «Թոլըշի սադո» թերթում համարձակվել է խոսել Ադրբեջանի բնիկ թալիշ ժողովրդի ոտնահարված իրավունքների մասին, եւ փորձել մշակութային գործունեություն ծավալել երկրում: Պարսկալեզու բնիկ թալիշները ներկայիս Ադրբեջանում բնակվում են հարավային շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում