Սիրիայի հարցն առանձին քննարկվել է Ռուսաստանի ԱԳ նախարարի և ԱԵԼ-ի գլխավոր քարտուղարի միջև

Սիրիայի հարցը քննարկվել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կոնֆլիկտային իրավիճակի, մասնավորապես’ Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ: Բացի դրանից, քննարկվել է Ռուսաստանի և ԱԵԼ-ի համագործակցության վերաբերյալ հարցեր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հաստատել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ առիթով նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր երկրները, առաջին հերթին Սիրիայի հարևանները, պետք է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկեն, որպեսզի իրենց տարածքներով ընդդիմադիրներին քիմիական զենք չմատակարարվի: Նա նաև ավելացրել է, որ ընդունված բանաձևի համաձայն’ անթույլատրելի է, որպեսզի զենքը հայտնվի ընդդիմադիրների ձեռքում:

Բանաձևում նշվում է, որ դրույթները չկատարելու դեպքում միջոցներ կկիրառվեն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի: Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը ենթադրում է խիստ միջոցների կիրառում՝ մինչև ռազմական գործողությունների իրականացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում