Էրդողանը վերջապես հրապարակեց Թուրքիայի դեմոկրատացման բարեփոխումները

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 30-ին հրապարակել է «Դեմոկրատացման փաթեթը», որին թուրք հասարակությունն արդեն 2 տարի սպասում էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով HaberTurk հեռուստաալիքը, Թուրքիայում արդեն 11 տարի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդողանի առաջարկությունները, որոնք առաջիկայում պետք է ներառվեն Թուրք իայի նոր սահմանադրության մեջ, բարեփոխումներ են ենթադրում ոչ թուրք բնակչության մայրենի լեզվով ուսուցման, ընտրական շեմի նվազեցման, քաղաքական կուսակցությունների, հավաքների ազատության ապահովման եւ այլ բնագավառներում:

Ըստ այդ փաթեթի’ Թուրքիայում քաղաքական կուսակցությունների խորհրդարան մտնելու ընտրական շեմը 10 տոկոսից նվազեցվելու է 5 տոկոսի, մեծացվելու է քաղաքական կուսակցություններին արվող պետական ֆինանսական աջակցության չափը, մեղմացվելու են քաղաքական կուսակցություններ հիմնադրելու սահմանափակումները, քաղաքական գործիչներին հնարավորություն է տրվելու թուրքերենից բացի այլ լեզուներով ընտրական քարոզչություն անցկացնել, 1-3 տարի ժամկետով մեծացվելու է քրեական պատժաչափը’ անձի մայրենի լեզուն, ռասան, ազգությունը, սեռը, հավատքը վիրավորողի նկատմամբ, թույլատրվելու է վերացնել գյուղերի եւ քաղաքների մինչեւ 1980 թվականն ունեցած անվանունները: Թուրքիայի դպրոցներում վերացվելու է «Ես թուրք եմ…» երդման պարտադրականությունը:

Հայտարարությունում Էրդողանն ընդգծել է, որ առաջարկվող բարեփոխումները կյանքի կկոչվեն ամենակարճ ժամանակում: Նա հույս է հայտնել, որ հասարակական կյանքում այդ փոփոխությունները կուժեղացնեն Թուրքիայի բնակչության միջեւ եղբայրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում