ՆԱՏՕ-ն դժգոհ է չինական ՀՕՊ համակարգեր գնելու Թուրքիայի որոշումից

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դրական չեն վերաբերվում այն փաստին, որ Թուրքիան ԱՄՆ-ի փոխարեն նախընտրել է գնել չինական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

«Ցանկացած պետություն իրավասու է ընտրել իր ուզած պաշտպանական համակարգը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը’ ընգծելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ երկրներն այդուհանդերձ խիստ մտահոգված են Թուրքիայի կայացրած նման որոշմամբ: «Անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները միավորվեն մեկ միության, իսկ ռազմական միավորները’ «Միացյալ ուժեր»-ի նախաձեռնության ներքո»,- հայտարարել է Ռասմուսենը:

Թուրքիայի նման որոշումը ավելի վաղ հարուցել էր նաև ԱՄՆ դժգոհությունը: Արևմտյան աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՀՕՊ կոմպլեքսների հարցը մի քանի անգամ քննարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և զգուշացրել այն խնդիրների մասին, որոնք կստեղծի ՆԱՏՕ-ի կազմում չգտնվող երկրների օգտին այդ ընտրությունը:

ՀՕՊ կոմպլեքսներ ձեռք բերելու հետ կապված Թուրքիայի կողմից հայտարարված հայտամրցույթում մասնակցել են նաև Ռուսաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընկերությունները: Թուրքական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ որոշել են հակահրթիռային և հակաօդային կոմպլեքսներ համատեղ արտադրելու մասին պայմանագիր կնքել չինական CPMIEC ընկերության հետ: Արևմտյան մամուլը հայտնել է, որ չինական այդ ընկերությունը հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում» այն բանի համար, որ խախտել է Իրանին, Սիրիային և Հյուսիսային Կորեային զենք վաճառելու էմբարգոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում