Լեհաստանում անհայտ անձինք պոկել են Ռոնալդ Ռեյգանի արձանի թեւը

Լեհաստանի Գդանսկ քաղաքի ոստիկանությունը որոնում Է այն վանդալներին, որոնք պոկել եւ հափշտակել են Ռոնալդ Ռեյգանի արձանի թեւը, արձան, որն ԱՄՆ-ի 40-րդ նախագահի եւ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի համատեղ հուշարձանի բաղկացուցիչ մասն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Associated Press» գործակալությանը:

Քահանայապետի եւ ԱՄՆ-ի նախագահի հուշարձանը Գդանսկի զբոսայգիներից մեկում կանգնեցվել Է անցյալ տարվա ամռանն ի հիշատակ Լեհաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Ռոնալդ Ռեյգանի եւ Հովհաննես Պողոս Երկրորդի ներդրած ավանդի: Ըստ գործակալության տվյալների՝ հուշարձանը մեծ ժողովրդականություն Է վայելում քաղաքի բնակիչների շրջանում, որոնք հաճախ ծաղկեփնջեր են դնում հուշարձանին:

Թեեւ հուշարձանին հասցված վնասը գնահատվել Է 100 հազար զլոտի (30 հազար դոլար), հուշարձանի հեղինակն արդեն հայտարարել Է, որ կարող Է արձանն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնել շատ ավելի քիչ վճարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում