Վրացի պաշտոնյան լեզվի մասին օրենքի խստացումը քմահաճույք չի համարում

Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար տուգանքների կիրառման վերաբերյալ օրինագիծը հավասարաչափ վերաբերում է այդ երկրի բոլոր քաղաքացիներին: Պատժամիջոցներ կիրառվելու են ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլև պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին, պատասխանելով «Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին, ասել է Վրաստանի խորհրդարանի Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի առաջատար մասն ագետ Օթար Բեժիտաշվիլին: «Բոլոր երկրներում կան նման օրենքներ: Սա մեր քմահաճույքը չէ, որ լեզվի մասին օրենք պետք է գոյություն ունենա, և երկրորդ՝ լեզվի մասին օրենքի հետ կապված ցանկացած խնդիր նշված է «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագրում: Այնտեղ մանրամասն գրած է, որ այս մասին պետք է գոյություն ունենա օրենք, պետք է ստեղծվի հանձնաժողով և պետական մարմին»,- նշել է Բեժիտաշվիլին:

Առաջատար մասնագետն ասել է, որ քննարկվող օրենքը վերաբերում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին: «Պատժամիջոցները կիրառվում են ոչ թե ազգային փոքրամասնությունների, այլև պետծառայողների, պաշտոնյաների և իրավաբանական անձանց նկատմամբ: Կիրառվելու են նաև պատժամիջոցներ առանձին անձանց նկատմամբ և այս ամենը ուժի մեջ կլինի միայն 2015 թվականից»,- նշել է վրացի պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ՝ լեզվական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ արդեն եղել են և ապագայում էլ անպայման կլինեն:

Անդրադառնալով Վրաստանի կողմից «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» վավերացման հնարավորությանը՝ նա նշել է, որ այդ հարցն Արտաքին գործերի նախարարության արտոնությունն է: «Խորհրդարանը կվավերացնի միայն այն դեպքում, եթե պետության կողմից փոստաթուղթը ստորագրեն նախագահը կամ կառավարությունը»,- ասել է պաշտոնյան:

Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար տուգանքների կիրառման վերաբերյալ օրինագիծը ներկայացվել է երկրի խորհրդարան: Օրենքի ընդունման դեպքում Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատությունում, պարտավոր կլինի լավ իմանալ պետական լեզուն, հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի: Ըստ օրինագծի նախնական տեսքի’ Վրաստանի այն բնակիչը, ով վրացերեն կրթություն չի ստացել, ստիպված կլինի քննություն հանձնել: Փոփոխությունը վերաբերվում է նաեւ հանրային աշխատողներին:

Օրինագծի գլուխներից մեկը վերաբերում է նաեւ լրատվամիջոցներին: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտեն վրաց գրական լեզվի չափանիշները, առաջին անգամ տուգանվելու են 1000-5000 լարի, իսկ սխալը կրկնելու դեպքում’10 000 լարի: Օրինագծի նախագիծը ընդունվել է գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ կրթության խորհրդարանական կոմիտեն սեպտեմբերի 26-ին աջակցեց տվյալ որոշմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում