Եվ այսպե՞ս է Էրդողանը դեմոկրատացնում Թուրքիան

Հայտնի թուրք սցենարիստ Էմրահ Սերբեսթի դեմ դատական գործ է հարուցվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հասցնելու հիմնավորմամբ:  Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:

Դատական գործ հարուցելու պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Սերբեսթի հայտարարությունն էր, որում նա, վարչապետին ծաղրելով, անվանել էր Ռեջեփ Թազյիք (թարգմանաբար նշանակում է ճնշող) Էրդողան’ մայիսի մեկի ցույցը ջրցան մեքենաներով ճնշելու համար: Սցենարիստը նշել է, որ իր հայտարարությունը նպատակ չի ունեցել վիրավորել վարչապետին:

Հայցվոր կողմը պահանջել է Էմրահ Սերբեսթին դատապարտել 10.5 ամսից մինչև 12 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետը հրապարակել էր դեմոկրատացման փաթեթ, որով ազդարարում էր  Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի  սկիզբը: Իսկ մի երկրում, որտեղ չեն հարգում ազատ խոսքի իրավունքը,  վաղ է խոսել դեմոկրատիայի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում