Արցախի անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն որեւէ սակարկության. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչեւ մեր օրերը» միջազգային գիտաժողովին:

Ինչպես Times.am-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջազգային գիտական միջոցառումների կազմակերպումը՝ Արցախյան հիմնախնդիրը խորությամբ հասկանալու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները համակողմանիորեն դիտարկելու եւ հնարավոր զարգացումները ավելի ճշգրիտ կերպով կանխատեսելու տեսանկյուններից:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ’ հայ ժողովրդի ազատ եւ ինքնիշխան ապրելու, ազգային պետականությունը վերականգնելու ձգտումը համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատեւ ազգային- ազատագրական պայքարներից է, որի ընթացքում մեկ բան մնացել է անփոփոխ՝ մեր ռազմավարական գերնպատակը՝ ազատ, ինքնիշխան եւ ազգային հզոր պետականության վերականգնումը եւ նրա շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Անդրադառնալով Արցախի պետականաշինության ներկա փուլին՝ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեզ համար հետդարձի ճանապարհ չկա: Արցախի անկախությունը եւ անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում