Արցախի Հանրապետության Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի’ Ուսուցչի օրվա առթիվ, իսկապես համաժողովրդական մի տոն, որն ավանդաբար նշվում է մեր երկրում’ որպես խորին հարգանքի դրսեւորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ:

Բոլորս առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերն ու խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Դա մի դժվարին ու, միաժամանակ, հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարեւոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձեւավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, եւ այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը: Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սեր ունդը’ նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ ու շնորհակալ, թանկագին ուսուցիչներ:

Վստահ եղեք, ձեր խնդիրները միշտ գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունն ու գիտությունը հանդիսանում է մեր պետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկն է:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ’ ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում