ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ից կթողարկի երկար սպասված նոր 100 դոլարանոց թղթադրամները
Նմանատիպ
ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը հոկտեմբերի 8-ից կթողարկի երկար սպասված նոր 100 դոլարանոց թղթադրամները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով NBC News-ի կայքը, քանի որ Կենտրոնական բանկի ֆինանսավորումը չի իրականցվում Կոնգրեսի հատկացումների միջոցով, նոր թղթադրամների շուկա արտահանումը այլևս չի հետաձգվի’ չնայած արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքները:
ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամներն առաջին անգամ վերափոխվել են 1996 թվականին, ինչի ժամանակ Բենջամին Ֆրանկլինի պատկերն ավելի էր մեծացվել և ջրանիշ է ավելացվել:
Թղթադրամի նոր դիզայնի մասին հայտարարվել էր դեռևս 2010 թվականին: Թղթադրամների կեղծումը կանխելու նպատակով մի շարք նորամուծություններ են ավելացվել’ ինչպես, օրինակ, 3D անվտանգության կապույտ թանաքագիծ, որ փոփոխում է գույնը պղնձագույնից կանաչ, և ոսկեգույն ավելի մեծ 100 թվանշաններ’ թղթադրամի առջևի և հետևի մակերեսին:
Նոր թղթադրամների մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանք դժվար է տպել, ինչն էլ արտադրության ձգձգումների պատճառ էր դարձել’ երկու տարով հետաձգելով թողարկումը: Յուրաքանչյուր թղթադրամի արտադրանքի համար ծախսվում է 8 ցենտ: Տպագրական ծախսերի համար Ֆեդերալ պահուստային համակարգի առաջարկած այս տարվա բյուջեն մոտ 7 տոկոսով ավելի է անցյալ տարվա բյուջեից:
Նոր 100 – դոլարանոց թղթադրամների բանկային պատվերները կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, սակայն հնարավոր է որոշ ժամանակ պահանջվի մինչև դրանք կանխիկացվեն: Ի տարբերություն մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի’ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը նոր նմուշի թղթադրամների թողարկման ժամանակ շրջանառությունից չի հանում հին նմուշները: Հետևաբար, դեռ որոշ ժամանակ հին նմուշի 100 – դոլարանոց թղթադրամները կշարունակեն օգտագործվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում