Արցախի ԱԳ նախարարը պարգեւատրել է ՀՀ դիվանագիտական դպրոցի տնօրենին

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը’ դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ողջունելով դիվանագիտական դպրոցի նախաձեռնությունը՝ կազմակերպելու ամենամյա այցեր, արտաքին գործերի նախարարը նշել է, որ դրանք արդեն ավանդական բնույթ են ստացել: Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ նման այցերը թույլ են տալիս ապագա դիվանագետներին ավելի ճշգրիտ և մանրամասն կարծիք կազմել Արցախի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին:

Արտաքին գերատեսչության ղեկավարը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, նախարարության առջև դրված խնդիրները, Արցախի ԱԳՆ կարուցվածքն ու գործառույթները։

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Հանդիպման վերջում նախարար Կարեն Միրզոյանը պարգևատրել է Վահե Գաբրիելյանին ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում