Իրանը մտադիր Է հասնել պատժամիջոցների մեղմացման՝ առանց ռազմամիջուկային ծրագրից հրաժարվելու. Նաթանյահու

Իրանը ձգտում Է հասնել միջանկյալ համաձայնության, որը կհանգեցնի պատժամիջոցների մասնակի վերացման՝ առանց ռազմամիջուկային ծրագրից հրաժարվելու: Այս կարծիքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել Է հոկտեմբերի 8-ին Երուսաղեմում Հունաստանի կառավարության ղեկավար Անտոնիս Սամարասի հետ ունեցած բանակցություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը:

«Իրանական ռեժիմը մտադիր Է հասնել միջանկյալ համաձայնության, որը կբերի պատժամիջոցների մեղմացման առանց այն բանի, որ Թեհրանը հրաժարվի ռազմամիջուկային ծրագրից»,-հայտարարել Է Նաթանյահուն:

«Պատժամիջոցները պետք Է պահպանվեն եւ նույնիսկ խստացվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չեղյալ չի հայտարարել իր ռազմամիջուկային ծրագիրը»,-հավելել Է Իսրայելի վարչապետը:

Նախօրյակին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ Է արել Իրանին՝ նոր առաջարկություններ ներկայացնել միջուկային հարցի վերաբերյալ: «Այժմ մեզ անհրաժեշտ Է, որ Իրանը ներկայացնի մի շարք առաջարկներ, որոնք աշխարհին կցուցադրեին, որ նրա միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ Է կրում»,-ասել Է Քերին: Նա հավելել Է, որ Իրանը պատշաճ պատասխան չի տվել այն առաջարկներին, որոնք «վեցյակը» առաջադրել Է Ալմաթիում:

Մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ արեւմտյան երկրները պետք Է բանակցությունների սեղանի շուրջ նստեն իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող նոր առաջարկներով:

Արեւմտյան երկրների կողմից Իրանին ներկայացված նախորդ առաջարկությունները նախատեսում Էին մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացման դադարեցում, ինչը, Թեհրանի հայտարարության համաձայն, հարկավոր Է հետազոտական նպատակների համար, ինչպես նաեւ Ֆորդուի գործարանում ուրանի հարստացման աշխատանքների դադարեցում:

Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը հոկտեմբերի 15-16-ը կկայանա Ժնեւում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում