Օբաման ամերիկացիներից ներողություն է խնդրել բյուջետային ճգնաժամի համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներից ներողություն է խնդրել այն խնդիրների համար, որոնք կապված են պետական հիմնարկների ֆինանսավորման դադարեցման հետ, բայց ճգնաժամի համար պատասխանատվությունը բարդել է իր ընդդիմախոս հանրապետականների վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Գիտեմ, որ ամերիկացիները հոգնել են դրանից: Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ դուք ստիպված եք այդ ամենին դիմանալ. ինչպես երեւում է, դա տեղի է ունենում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ես եւս հոգնել եմ դրանից»,- հավելել է նախագահը:

Նրա կարծիքով՝ հանրապետականները ոչ կառուցողական դիրք են բռնել՝ պնդելով կարարել իրենց բոլոր պահանջները բյուջեն չընդունելու եւ դեֆոլտի սպառնալիքի ներքո:

«Բանակցություններում չի կարելի մարդկանց պատանդ պահել՝ պահանջել փրկագին եւ ստանալ այն ամենը, ինչ ցանկանում են»,- ասել է Օբաման:

Օբաման ասել է, որ պատրաստ Է հանրապետականների հետ քննարկել երկրի բյուջեում ուղղումներ կատարելու հնարավորությունը, բայց ոչ ավելի շուտ, քան նրանք կդադարեն իրենց գործողություններով սպառանիքի տակ դնել երկրի տնտեսությունը:

Օբաման հայտարարել է, որ արդեն բանակցություններ է անցկացրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների հետ եւ «ուրախ է նրա ու մյուս հանրապետականների հետ խոսել ամեն ինչի շուրջ»: Սակայն Օբաման ընդգծել է, որ կառավարության աշխատաքի դադարեցման կամ վերահաս պարտազանցման շուրջ ցանկացած բանակցություններ չպետք է ամերիկյան ժողովրդին ենթարկեն տնտեսական քաոսի սպառնալիքին:

Նա նաեւ նախազգուշացրել է հնարավոր տնտեսական հետեւանքների մասին այն դեպքում, եթե երկիրը չկատարի իր ֆինանսական պարտավորությունները, եթե Կոնգրեսը համաձայնության չգա պետական պարտքի առավելագույն գումարը ավելացնելու շուրջ:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ հավելել է, որ հանրապետականներն առայժմ լուրջ առաջարկություններ չեն արել քաղաքական փակուղուց դուրս գալու վերաբերյալ՝ նշելով, որ դրա փոխարեն նրանք որոշել են ժամանակ ձգել:

Հոկտեմբերի 8-ին Ջոն Բեյները լրագրողներին հայտնել է, թե կցանկանար Օբամայի եւ դեմոկրատների հետ խոսել Կոնգրեսում: «Եկել է ժամանակը պարզապես նստելու եւ լուծելու մեր տարաձայնությունները»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում