Սիրիայի կառավարությունը 45 տոննա դեղորայք է ուղարկել Հալեպ

Սիրիայի առողջապահության նախարար Սաադ ան Նաիֆը հայտարարել է, որ Հալեպ է ուղարկվել 45 տոննա դեղորայք ծանր’ տուբերկուլյոզը, մալարիան, շաքարային դիաբետը և այլ հիվանդություններ ունեցողներին բուժելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի դրանից, ուղարկվել են շտապօգնության անհրաժեշտ սարքավորումներ:

Սիրիայի մարդասիրական գերագույն հանձնաժողովը քննարկել է Հալեպի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցերն այն բանից հետո, երբ բացվել են Հալեպ տանող ճանապարհները: Հասարակական հարցերով նախարար Քինդա աշ Շամատը հայտնել է, որ հանձնաժողովը համաձայնության է եկել գումար տրամադրել անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելու համար: Կարմիր խաչի ընկերության Սիրիայի գրասենյակը ևս պատրաստակամություն է հայտնել ալյուր ուղարկել շրջաններ:

Աշ Շամատը հայտնել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրենց բնակության վայրերից հեռացած քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ: Նախարարը նաև նշել է, որ միջազգային կազմակերպությունների խոստումներն այն մասին, որ մարդասիրական օգնություն կտրամադրեն Հալեպին, չեն իրականանում:

Զինյալների դեմ երկարատև պայքարից հետո սիրիական բանակին հաջողվել է բացել Հալեպ- Հոմս ճանապարհը: Մինչ այդ քաղաքը ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում