Ադրբեջանի ընդդիմությունը բազմամարդ ցույց է կազմակերպում

Ադրբեջանի ընդդիմությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ին կայանալիք հանրահավաքին ներկա կգտնվի 10 հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Հանրահավաքի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ընդդեմ կեղծված ընտրությունների:

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Սահլադ Բագիրովը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ չպետք է կիրառվեն իրենց հետ չհամապատասխանեցված կոչեր, ինչպես նաև ընդդիմադիրները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են անկարգություններ և բախումներ առաջացնել:

Հանրահավաք իրականացնելու մասին դիմում է ներկայացրել ընդդիմադիր «Ազգային խորհուրդ»-ը, որի առաջադրած նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին ընտրությունների ավարտից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծվել են, և ժողովուրդը չի կարողացել իրացնել ընտրելու իր իրավունքը: Տարբեր փաստերով ցույց տալով ընտրություններում նկատված խախտումները’ Հասանլին նշել էր, որ դրանց արդյունքը չի կարող համարվել Ադրբեջանի ժողովրդի կամքի արտահայտում: Բողոքի ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, տեղի ժամանակով 16.00-ից մինչև 18.00-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում