Ադրբեջանի Պաշտպանության նախարարը կոշտ տոնով է խոսել ԱՄՆ դեսպան Մորնինգսթարի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ եւ նրա հետ խոսել բավական կոշտ տոնով: Նա հիշել է 907-րդ ուղղումը (ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանին հանել է այն երկրների ցանկից, ում թույլատրված է ԱՄՆ-ից ուղղաթիռային տեխնիկա և սարքավորումներ գնել): Սաֆարովի խոսքով’ դրա հեղինակները «Ադրբեջանը պահում են նշանառության տակ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը’ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմանի հարաբերությունների հարցեր:

Հետո Սաֆար Աբիեւը Մորնինգսթարին պատմել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների «ժողովրդավարական» լինելու եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի «նեգատիվ եւ ոչ օբյեկտիվ դերի» մասին: Նա «ոչ օբյեկտիվ» է անվանել նաեւ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության գնահատականը եւ անհանգստություն հայտնել այդ առնչությամբ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն’ անդրադառնալով անցկացված ընտրություններին, Մորնինգսթարն ասել է, որ ընտրություններն արդեն անցյալում են, իսկ Իլհամ Ալիեւը’ հաղթող է, իսկ ինչ վերաբերում է քննադատությանը, ապա այն չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ընդգծել են, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն այդ հանդիպման մասին չի հաղորդել եւ չի մեկնաբանել Ադրբեջանի ՊՆ-ի այդ առնչությամբ հաղորդագրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում