ԱՄՆ-ի դեֆոլտը ծայրահեղ ծանր հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար. Ֆրանսիայի Բանկի ղեկավար

ԱՄՆ-ի դեֆոլտը սաստիկ ցնցումներ կառաջացնի համաշխարհային տնտեսության մեջ: Այս կարծիքը հայտնել Է Ֆրանսիայի Բանկի կառավարիչ Քրիստիան Նուայեն «Ֆիգարո» թերթում հոկտեմբերի 14-ին հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:«Այն դեպքում, եթե ԱՄՆ-ի պետական պարտքի հետ կապված անբարենպաստ իրավիճակ ստեղծվի, ապա դա իսկապես կնմանվի ֆինանսական շուկաներին կայծակի հարվածին, ինչն արդեն խոստովանել Է Արժույթի միջազգային հիմնադրամը: Եվ դա համաշխարհային մասշտաբի չափազանց ուժեղ եւ խորը ցնցումներ կառաջացնի»,-նախազգուշացրել Է տնտեսագետը:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի դեֆոլտը կարող է աշխարհը հասցնել ռեցեսիայի: Ինչպես Լագարդը հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԱՄՆ-ում դեֆոլտը կարող է «ընդգրկուն արգելակում առաջացնել ամբողջ աշխարհում»:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կսկսի ֆինանսական միջոցների անբավարարություն զգալ հոկտեմբերի 17-ին, եթե մինչ այդ չբարձրացվի պետական պարտքի լիմիտը:

Հոկտեմբերի 12-ին դեմոկրատներն ու հանրապետականները Սենատում առաջին ուղղակի բանակցություններն են անցկացրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, բայց առայժմ լուրջ առաջընթացի նշաններ չկան:

Լագարդը կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մինչեւ հոկտեմբերի 17-ը:

Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պնդում է Կոնգրեսի կողմից կառավարության ժամանակավոր ֆինանսավորման եւ պետական պարտքի լիմիտի բարձրացման վերաբերյալ «մաքուր» բանաձեւի ընդունումը՝ առանց վերապահումների: Նա դա հաստատել է հոկտեմբերի 13-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խմբակցության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

«Նախագահը եւ դեմոկրատների ղեկավարը քննարկել են անհետաձգելի բյուջետային հարցերի լուծման գործում առաջ շարժվելու ուղիները»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ Օբաման եւ Փելոսին հավաստել են Ներկայացուցիչների պալատի կողմից կառավարության ժամանակավոր ֆինանսավորման եւ պետական պարտքի լիմիտի բարձրացման վերաբերյալ «մաքուր» բանաձեւի ընդունման անհրաժեշտությունը, ինչը «թույլ կտա խուսափել դեֆոլտից» պարտային պարտավորությունների գծով: «Նախագահը եւ դեմոկրատների առաջնորդը պատրաստակամություն են հայտնել հանրապետականների հետ բանակցություններ սկսել բյուջետային հիմնախնդրի երկարաժամկետ լուծման շուրջ այն բանից անմիջապես հետո, երբ կբարձրացվի պետական պարտքի լիմիտը եւ կվերականգնվի կառավարության աշխատանքը»,- նշվում է փաստաթղթում:

Փելոսիի հետ Օբամայի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարությունը տեղի դիտորդները գնահատել են որպես պետության ղեկավարի անդրդվելի դիրքորոշման վկայություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում