Ժնեւում ընթանում է Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը

Հոկտեմբերի 15-ին Ժնեւում մեկնարկել է իրանական «միջուկային դոսյեի» շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Հանդիպումն ընթանում Է Ազգերի պալատում, որտեղ տեղավորված Է Ժնեւում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքը: Հանդիպմանը մասնակցում են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, ինչպես նաեւ «վեցյակի» երկրների քաղաքական տնօրենները: Ռուսական կողմը ներկայացնում է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը:

Իրանը միջազգային միջնորդների «վեցյակին» իր առաջարկությունները կներկայացնի «Ավարտել անհարկի ճգնաժամը եւ բացել նոր հորիզոններ» նշանաբանի ներքո, հայտնել Է իրանական պատվիրակության մի աղբյուր: «Իրանը պատրաստ Է իր առաջարկությունները ներկայացնել արդեն այժմ»,- ասել նա:

Բանակցությունների սկսվելուց առաջ «վեցյակի» մասնակիցները համակարգող հանդիպում են անցկացրել Ժնեւի հյուրանոցներից մեկում:

Բանակցությունների նախորդ փուլը կայացել է Ալմաթիում այս տարվա ապրիլին:

Մոսկվայում ողջունել են բանակցություններում առաջընթացի հասնելու Թեհրանի տրամադրվածությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, նշել է, որ այժմ «իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ աշխատանքի ակտիվացման ոչ վատ հեռնակարներ» են նշմարվում: «Իրանի նոր ղեկավարության հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ մենք կարող ենք այդ գործը շարժել «մեռյալ կետից»,- ընդգծել է նախարարը:

Եվրամիությունում ակնկալում են, որ առաջիկա փուլում Թեհրանը կոնկրետ առաջարկություններ կներկայացնի «բանակցային գործընթացի արագ առաջշարժման» համար: «Ակնկալում ենք կառուցողական որոշումներ եւ իրական արդյունքներ»,- ասել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայքլ Մանը:

Իր կողմից ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ «մեծ աշխատանք կա անելու, որը, հուսով ենք, թույլ կտա պատասխանել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում