Ադրբեջանը չի պաշտպանում ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին

Ադրբեջանցի միգրանտի’ Օրհան Զեյնալովի’ Մոսկվայի Բիրյուլեւոյի շրջանի բնակիչ Եգոր Շերբակովին դաժանորեն սպանելուց հետո ադրբեջանցիների համար իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այդ սպանությունն ուժեղացրել է տեղացի բնակչության բացասական վերաբերմունքը կովկասցիների, մասնավորապես’ ադրբեջանցիների նկատմամբ:

 Մոսկվայի հարավում բնակվող ադրբեջանցի մի ձեռնարկատեր «Թուրան»-ին հայտնել է, որ զբաղվում է բանջարեղենի եւ մրգերի մատակարարմամբ, սակայն արդեն 4 օր է’ մեծ վնասներ է կրում, քանի որ շուկայում ստեղծված բարդ իրավիճակի պատճառով ապրանքներով բեռնված ավտոմեքենաները կամ մնում են ճանապարհներին, կամ դատարկող չկա: Նա դժգոհել է, որ արդեն մի քանի օր է, ադրբեջանցիները չեն կարողանում երեւալ Բիրլյուեւոյի շուկայում: Նրա խոսքով’ ոստիկանությունը շուկայի ադրբեջանցի աշխատակիցներին խորհուրդ է տվել աշխատանքի դուրս չգալ հնարավոր բախումներից խուսափելու համար:

Մոսկվայում աշխատող Ադրբեջանի քաղաքացիները դժգոհել են Ադրբեջանի իշխանություններից իրենց հայրենակիցներին պաշտպանելու քայլեր չձեռնարկելու համար:

Հետաքրքիր է, որ ադրբեջանցի միգրանտի’ Մոսկվայի բնակչին սպանելու կապակցությամբ, ինչը զանգվածային բողոքի եւ անկարգությունների պատճառ էր դարձել, ինչի հետեւանքով 1200 մարդ է ձերբակալվել, ոչ պաշտոնական Բաքուն եւ ոչ էլ Ռուսաստանի ադրբեջանական կառույցները հանդես չեն եկել որեւէ հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում