Իրանը պատրաստ է անակնկալ տեսչական ստուգումներին

Առաջարկությունների այն փաթեթը, որը Թեհրանը ներկայացրել Է Ժնեւում, նախատեսում Է անակնկալ տեսչական ստուգումների անցկացում Իրանի միջուկային օբյեկտներում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին ԻՌՆԱ գործակալությանը հայտնել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Նրա խոսքով՝ «տեսչական ստուգումների անցկացումը, ինչպես նաեւ ուրանի հարստացման աստիճանն վերաբերող հարցի քննարկումը Ժնեւի բանակցություններում ներկայացված մեր ծրագրի բաղկացուցիչ մասն են»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է բանակցությունների «մասնակիցների միջեւ վստահության հաստատման» անհրաժեշտությունը:

Իր հերթին, միջազգային միջնորդների «վեցյակի» ներկայացուցիչների հետ միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցություններում Իրանի պատվիրակությանը մոտ կանգնած մի աղբյուր հոկտեմբերի 16-ին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել Է, որ Թեհրանը պատրաստ Է քննարկել մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը դադարեցնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ի եւ Եվրամիության միակողմանի պատժամիջոցները վերացվեն:

«Բանակցային գործընթացի համար կաեւոր Է, որ կողմերի միջեւ ստեղծվի վստահության մթնոլորտ: Իրանը կարող Է մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացման դադարեցման հարցը քննարկել ի պատասխան Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցների վերացման, բայց միայն ժամանակավորապես: Այս հարցը քննարկվում Է բանակցությունների գծով մեր ընդդիմախոսների հետ: Սակայն, խոսքը չի վերաբերում հարստացումից հրաժարվելուն»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Միջազգային միջնորդների «վեցյակը» եւ Իրանի պատվիրակությունն այսօր Ժնեւում վերսկսել են իրանական միջուկային ծրագրի քննարկումը: Բանակցությունների առաջին օրը կողմերն անցկացրել են երկու հանդիպում: Առաջին հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը գլխավորում է պատվիրակությունը, միջազգային միջնորդներին ներկայացրել է երկրի միջուկային հիմնախնդրի կարգավորման եւ բանակցային գործընթացի շարունակման նոր ծրագիրը: Դրանից հետո կողմերը ձեռնամուխ են եղել ծրագրի մանրակրկիտ քննարկմանը: Նրանք պայմանավորվել են ծրագրի դրույթները գաղտնի պահել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել հասնել ընդհանուր համաձայնեցված որոշման:

Բանակցությունների առաջին օրվա արդյունքում կողմերը նշել են դրանց կառուցողական բնույթը: «Մենք դրական շարժ ենք տեսնում Թեհրանի կողմից, լսում ենք հայտարարություններ այն մասին, որ Իրանը մտադիր է ապահովել իր միջուկային ծրագրի թափանցիկությունը»,- ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն կոմիսարի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մանը: Մինչդեռ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում հայտարարել են, որ առայժմ չեն կարող բեկում արձանագրել բանակցություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում