Սիրիայի տարբեր շրջաններում պայթյուններ են տեղի ունեցել

Սիրիայի ակտիվիստները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ի առավոտյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հարավում գտնվող Դարաայի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Ակտիվիստները պարզաբանում են, որ պայթյունը տեղի է ունեցել Թել Ալ Ջումուա շրջանում, երբ նշված վայրով քաղաքացիներ տեղափոխող մեքենա է անցել:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Այդ ալ Ադհա տոնի ժամանակ թեժ բախումներ են ընթանում Սիրիայի տարբեր շրջաններում, որոնք շարունակվել են նաև գիշերը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը զինված խմբավորման անդամների է սպանել Դամասկոսի ալ Կաբուն թաղամասում տեղի ունեցած արյունալի բախումների ժամանակ: Բացի դրանից, պայթյուններ են տեղի ունեցել Յաբրուդ քաղաքում, որոնց հետևանքով նյութական մեծ վնասներ են կրել տարբեր շինություններ և մեքենաներ:

Բախումներն ակտիվացել են նաև Հալեպում և Դեր Զորում: Մասնավորապես’ Հոմս- Թիֆուր ճանապարհին սիրիական բանակի և ընդդիմադիրների միջև տեղի ուենցած բախումները երկու կողմերի համար լուրջ կորուստների պատճառ է դարձել:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում