Վրաստանի դեսպան. Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն համագործակցությունը անկախ իրենց անդամակցած կառույցներից
Նմանատիպ
Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն բարեկամական հարաբերությունները անկախ այն հանգամանքից, թե ինչ կառույցների են նրանք անդամակցում։ Հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով «Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» քննարկմանը՝ հայտարարեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է ազատ առեւտրի մասին համաձայնագիր, որը քննարկվել է նաև Վրաստանի եւ Հայաստանի վարչապետների՝ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: «Կողմերն արձանագրել են, որ բնականոն առեւտրային ռեժիմին ոչինչ չի կարող խանգարել: Եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ապա դա խոչընդոտ չի լինի հայ-վրացական երկկողմ հարաբերություններում և հատկապես մեր սահմանի միջոցով ապրանքաշրջանառության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վրացի դիվանագետը։
Թենգիզ Շարմանաշվիլին հավաստիացրեց, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի Հայաստանի ցանկացած որոշման հանդեպ։ «Վրաստանը չի ցանկանում քննադատել Հայաստանի որոշումը։ Ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը’ որպես անկախ պետություններ, իրավունք ունեն անդամակցել ցանկացած կառույցի։ Վրաստանը կշարունակի Եվրամիությանն ինտեգրվելու իր քաղաքականությունը։ Մենք հույս ունենք, որ գարնանն արդեն կստորագրվեն որոշակի փաստաթղթեր։ Վրաստանն առավել քան վստահ է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր որոշման մեջ, և չկա որևէ քաղաքական ուժ Վրաստանում, որ դեմ լինի այդ քաղաքականությանը»,- նշել է դեսպանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում