Վրաստանում թեկնածուների քանակն ավելացել է, իսկ դիտորդներինը` պակասել

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել Է տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների գրանցման գործընթացը հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքի մոնիթորինգ իրականացնելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել են ԿԸՀ-ի ներկայացուցիչները: Ընդամենը գրանցվել են 57 տեղական եւ 55 արտասահմանյան կազմակերպություններ, որոնց անդամները մոնիթորինգ կիրականացնեն ընտրությունների օրը:

Ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել են 84 զանգվածային լրատվամիջոցներ, ներառյալ 35 արտասահմանյան ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Ռուսաստանից:

ԿԸՀ-ի տվյալներով, առաջիկա ընտրությունների մոնիթորինգն իրականացնելու են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, Եվրախորհրդարանը, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ), ԱՄՆ-ի միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), Միջազգային գործերի ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) եւ ուրիշներ:

Երկրի ԿԸՀ-ն հոկտեմբերի 27-ի ընտրություններում որպես նախագահի թեկնածու պաշտոնապես գրանցել Է 23 հավակնորդների, ինչը ռեկորդ Է Վրաստանի պատմության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում