Ռուսաստանը ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը կհամալրի սպառազինությամբ. Նիկոլայ Բորդյուժա

 Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում ռուսական ռազմական տեխնիակայով ՀԱՊԿ անդամ երկրների սպառազինման ծրագիրը պատրաստ է: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ այս մասին տեղեկացրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ծրագիրը հաստատվել է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից: Հիմա մանրամասնվում են զենքի տրամադրման ժամկետները: Այսօր արդեն ոչինչ չի խանգարում ռուսական տեխնիկայով ՀԱՊԿ երկրների սպառազինման համար: Այդ ծրագրով նախատեսվում է երկրների կողմից ռուսական ժամանակակից զենքի գնում իրենց ստորաբաժանումների համար: Դրան զուգահեռ նախատեսվում է նաև ՌԴ-ի կողմից օգնության տրամադրում»,-ասաց Բորդյուժան’ նշելով, որ ՌԴ նախագահի կողմից օգնության տրամադրման որոշումը հաստատվել է: Նրա խոսքով’ հոկտեմբերի 22-ին փորձագետները Մոսկվայից կմեկնեն ՀԱՊԿ անդամ երկրներ’ պարզելու հստակեցնելու ուժերի տեղակայման հետ կապված հարցեր:

«Այժմ կարող եմ ասել, որ ծրագիրն իրականացման փուլում է: Կցանկանայի հավելել, որ սա շատ թանկարժեք փաստաթուղթ է, այն մեծ միջոցների ներդրում է պահանջում ինչպես ՌԴ-ի, այնպես էլ անդամ երկրների կողմից: Այնպես որ, որոշ ձգձգումներ կարող են լինել’ կապված ծրագրի ֆինանսավորման հետ»,-հավելեց Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ-ում ստեղծվել են Արագ արձագանքման հավաքական ուժեր, որոնք ներառում են շուրջ 20 հազար մարդ կազմակերպության բոլոր վեց պետություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում