Էրդողանը կրկին պոպուլիզմով է զբաղված

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկրի կայունությունն առաջացնում է որոշ արեւմտյան եւ արեւելյան երկրների անհանգստությունը:

«Անկարան որեւէ քաղաքական ուժի թույլ չի տա ապակայունացնել իրավիճակը երկրում»,- հայտարարել է նա: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ամբողջությամբ կլուծի ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը երկրում:

Թուրքական ԶԼՄ-երը հայտնում են, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է ի պատասխան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)’ Իմրալի բանտում ցմահ ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եւ PKK-ի զինված թեւի ղեկավարներ Մուրադ Քարայըլանի եւ Ջեմիլ Բայըքի այն զգուշացումների, որ, քրդական խնդրի լուծման դրույթներ չպարունակող «Ժողովրդավարացման փաթեթ» հրապարակելով, Էրդողանը խուսափում է կատարել PKK-ի զինյալների’ երկրից հեռանալու դիմաց քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին տված իր խոստումը:

Նրանք զգուշացրել են, որ եթե թուրքական կառավարությունը խնդիրը լուծելու համար նոր ձեռնարկումներ չսկսի, ապա, PKK-ն կշարունակի քրդերի իրավունքները պաշտպանելու զինված պայքարը: Մասնավորապես, Բայըքը նախօրեին հայտարարել էր, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) քրդերի հետ հաշտեցման գործընթացն ավարտված է համարում: «ԱԶԿ-ն ավարտված է համարում գործընթացը, եւ տալու է դրա պատասխանը»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ թուրք-քրդական հաշտեցման գործընթացը չի ավարտվել: «Դիմում եմ իմ քուրդ եղբայրներին. հաշտեցման գործընթացը չի ավարտվել, շարունակվում է: Եկեք այս խաղը դադարեցնենք: Ձեռք ձեռքի, ուս ուսի տված քայլենք: Մի տեղ, որտեղ զենքերի ձայնը լռել է, եւ այլեւս ուժ չի գործադրվում, այդտեղ ամեն խնդիր իր լուծումը կստանա»,- նշել է Էրդողանը:

Տեղեկություններ կան, որ PKK-ի առաջնորդները Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը բնութագրել են որպես հերթական խաբեություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում