Հանրապետական Թուրքիայում փոքրամասնությունները դեռ որբ են.Al Monitor

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության 90-ամյակի կապակցությամբ իրականացրեց Օսմանյան կայսրության երազանքը’ հայտարարելով Ստամբուլի’ նեղուցով բաժանված երկու հատվածները կապող «Մարմարա» երկաթուղու բացման մասին: Եվրոպան և Ասիան այսուհետ կապվում են ստրոջրյա թունելով, այնինչ միակողմանի պաշտոնական գաղափարախոսությամբ մասնատված թուրք հասարակության բեկորները դեռ միավորման կարիք ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին գրում է «Ալ Մոնիթոր» լրատվականը:

Հոկտեմբերի 29-ին նշված Թուրքիայի Հանրապետության տարեդարձի կապակցությամբ «Ռադիկալ» օրաթերթն արտահայտվելու հնարավորություն է ընձեռել պետության կողմից անտեսված հասարակական խմբերի ներկայացուցիչներին և խնդրել նկարագրել իրենց երազանքների հանրապետությունը: Հայ, հույն, քուրդ և ալեվի գրողների, ձախակողմյան և աջակողմյան գործիչների հոդվածներում բոլորը հանգել են մեկ եզրակացության. հասարակության բոլոր խմբերը ներառող հանրապետությունը անհրաժեշտություն է:

«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը երեք տպավորիչ իրադարձություն է ներկայացրել, որոնք մեխվել են իր հիշողության մեջ: Առաջին հիշողությունը կապված է խմբագրի ուսանողական տարիների հետ: 1993 թվականին թուրքական «Էֆես» բասկետբոլի ակումբը խաղում էր հունական «Արիս»-ի դեմ, և չնայած հայերը երկրպագել էին «Էֆես»-ին, թուրքերը հարձակվել են հայկական դպրոցների վրա, քարեր նետել և կոտրել ապակիները, որպեսզի վրեժխնդիր լինեն խաղի ավարտից հետո «Էֆես»-ի խաղացողների վրա հարձակված հույն երկրպագուներից: Ավելի վաղ’ 1989 թվ? ?կանին Ստամբուլի Կարագոզյան մանկատուն տանող ճանապարհին արյունը սառել է Քոփթաշի երակներում, երբ տեսել է պաստառը, որի վրա գրված է եղել «Հայ շունը կխեղդվի’ միայն եթե թքես վրան». ծայրահեղ ազգայանական «Ուլքու օջաքլարե» միության հաղորդագրությունն էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներին սատարելու համար:

Իսկ երրորդ հիշողությունը կապված է հանրապետության առաջին տարիներին ընդունված’ ազգանունների մասին օրենքի հետ: 1934 թվականին իր պապը չկարողացավ պաշտոնապես գրանցել իր ազգանունը’ Սիրվանյան, քանզի նոր դրույթով արգելվում էին «այլ ցեղերի և ժողովուրդների օտարածին անունները»:

«Բոլոր երեք պատմությունների հիմքում ընկած է բռնությունը: Կարծում եմ, հանրապետությունը, որի քաղաքացին եմ, ինձ համար առաջին հերթին բռնություն է նշանակում… Ես չեմ տոնում հոկտեմբերի 29-ը, քանի որ անձամբ տեսել եմ այդ բռնությունը … Ես երազում եմ ազատ, ժողովրդավարական և բռնություններից զուրկ հանրապետության մասին, որը ոչ մեկին օտարման (օստրակիզմ) չի դատապարտի», – ամփոփել է Քոփթաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում