Թալիշ զինվորը մահացու ծեծի է ենթարկվել

Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 26-ին Ադրեջանի զինված ուժերի Թովուզի շրջանում տեղակայված զորամասից զինվոր Ջամիլ Էլհան օղլու Հուսեյնզադեն փախել էր իր ղեկավար սպայի ու ծառայակից 5 ընկերների կողմից սաստիկ ծեծի են ենթարկվելու պատճառով: Զինվորի’ զորամասը լքելու հետ կապված պաշտոնապես հայտարարվել էր, որ նա զորմասից փախուստի է դիմել իրեն ամրակցված զենքը ձեռքին, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են զինվորին հայտնաբերելու եւ ետ վերադարձնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական demokratia.info կայքը պարզել է, որ միջադեպի հաջորդ օրը’ հոկտեմբերի 27-ին, Ջամիլ Էլհան օղլու Հուսեյնզադեն ուշագնաց վիճակում հայտնաբերվել է զորամասի մոտով անցնող ջրանցքում: Մահացու ծեծի ենթարկված զինվորին պատահաբար նկատել է մոտակայքով անցնող մի քաղաքացի եւ հասցրել Գյանջայի զինվորական հոսպիտալ: Վերակենդանացման բաժանմունքում ուշքի եկած զինվորի խոսքով’ ինքը զորամասից փախել է ծեծվելու պատճառով: Այդ ժամանակ նրան հետեւից կրակել են, իսկ վերջինս, թիկունքից վիրավորվելով, ընկել է ջրանցքը:

Ներկայում զինվոր Ջամիլ Հուսեյնզադեն գտնվում է Գյանջայի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում: Ջամիլ Հուսեյնզադեն պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել թալիշներով բնակեցված Լենքորանի շրջանի զինկոմիսարիատից: Ադրբեջանական բանակում հաճախակի են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը:

2013 թ-ի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի զինված ուժերում կորուստը կազմել է 77 զինծառայող, որոնցից 66-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 78 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում