Հայ-թուրքական սահմանի բացումը կախված է Ադրբեջանից. Դավութօղլու

Ադրբեջանին համոզելու դեպքում Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» պարբերականը, այս մասին Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների պալատի անդամների հետ դռնփակ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավ ութօղլուն:

«Ազգայնական շարժում» կուսակցության Իգդիրի պատգամավոր Սինան Օղանը Դավութօղլուին հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանային անցակետում և երկաթգծի վրա վերջին շրջանում իրենք որոշակի աշխատանքներ են նկատել: Պատգամավորը հարց է ուղղել արտաքին գերատեսչության ղեկավարին, թե արդյոք կա որոշակի նախապատրաստություն Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ: Ի պատասխան այս հարցին Դավութօղլուն ասել է. «Մենք տանում ենք որոշակի աշխատանքներ: Եթե համոզենք Ադրբեջանին, կարող ենք անակնկալ անել: Սահմանային անցակետում աշխատանքներ են տարվում»: Անդր ադառնալով Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին’ արտգործնախարարը հայտնել է, որ 2015 թվականին ընդառաջ իրենք տանում են որոշակի աշխատանքներ: Հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորելով ԼՂ հիմնահարցով’ Դավութօղլուն հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի «դուրս քաշվելու» դեպքում ինչպես կբացեն սահմանը, այնպես էլ կշահագործվի երկաթգիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում