«Շատ բան չեմ հիշում, չեմ ուզում հիշել». Թագուհին գաղթի ժամանակ 13 տարեկան էր
Նմանատիպ
Քարվաճառի բնակչուհի, զինկոմիսարիատի աշխատակցուհի Թագուհի Չիլինգարյանը գաղթական է դարձել 13 տարեկան հասակում: Երիտասարդ կինը դժվարությամբ է խոսում գաղթի մասին, որպես մանկական մի ծանր հիշողության, որն ամեն կերպ ցանկանում է մոռանալ ու չանդրադառնալ դրան:
«Բնակվում էինք մարզկենտրոնում, Ներքինշենում, չնայած Վերինշեն գյուղից ենք: Այդ ժամանակ ես ռուսական դպրոց էի գնում, իսկ ռուսական դպրոց միայն էդտեղ էր, մեկ էլ Կարաչինարում: Կարաչինարը շատ հեռու էր, ծնողներս էլ Ներքինշենում էին աշխատում, դրա համար էնտեղ ենք մնացել: Ես երեխա էի, մենք բնակավայրը թողել ենք 1992 թ. հունիսի 13-ին», իր պատմությունն է սկսում Թագուհին:
Այդ ժամանակ ինքն արդեն 13 տարեկան է եղել, եւ իր խոսքերով’այդքան էլ փոքր չէր, բայց գաղթից շատ բան չի հիշում: «Միայն հիշում եմ, որ այդ օրը ամբողջ գյուղը հավաքվել էր մոտակա ժայռի տակ, փոքրերը եւ ծերերը: Այդտեղից հետո սամալյոտներ եկան, բամբիտ արեցին… դրանից հետո ծնողներիս հետ ոտքով գիշերը ճանապարհ ընկանք դեպի Գյուլիստան: Էնքան դաժան բաներ կան, որ չեմ էլ ուզում հիշեմ, շատ դժվար է…», խոսակցությունը կրկին փորձում է փակել Թագուհին:
«Ես ջարդ չեմ տեսել, մենակ մի դեպք եմ հիշում, կանայք սկսեցին գոռալ, ճչալ, լացել, ասացին, որ մոր ձեռքից երեխան ընկել էր գետը, մարդիկ խառնվել էին իրար, գոռում էին, պապան մեզ ուրիշ ուղղությամբ տարավ, որ մենք դա չտեսնենք» դժվարությամբ հիշում է Թագուհին:
«Երկու եղբայր ունեմ, ինձնից փոքր են: Այդ ժամանակ մեծը 10 տարեկան էր, մյուսը’ 6 տարեկան: Գյուղը թողնելուց հետո, ոտքով քայլելով եկանք Նապատ /Գյուլիստան/, այդտեղից պետք ա ինչ-որ սար անցնեինք, գալիս էինք դեպի Ղարաբաղ: Գիշերով հասանք Հաթերք, իրենց կլուբն էր կարծեմ, էդտեղ գիշերեցինք, առավոտյան ավտոները Հայաստանից օգնություն էին բերել: Այդտեղ մի ծանոթ տղա գտնվեց. պապայիս ընկերոջ տղան էր, եկել էր ծնողներին տանի, բայց չէր գտել: Պապան մեզ’ երեք երեխաներիս, ուղարկեց այդ տղայի հետ: Ավտոյի կուզովում մի կերպ տեղավորվեցինք», իր ընտանիքի գաղթի պատմությունն է վերհիշում Թագուհի Չիլինգարյանը: Արդեն մի քանի զրույցներ եմ ունեցել Քարվաճառում բնակվող փախստականների հետ, եւ նրանց բոլորի պատմությունները նման են իրար. գիշերով դուրս են եկել գյուղից, ոտքով անցել տասնյակ կիլոմետրեր, ամեն ինչ թողել գյուղում, ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Կյանքն ու տունն ավերված, ապագան մշուշոտ, հայրենիքը կորցրած հարյուրավոր հայ ընտանիքներ այսպես բռնել են գաղթի ճանապարհը’ չիմանալով, թե ուր են գնում եւ ուր են հանելու…
Թագուհին ու երկու եղբայրները առանց ծնողների, միայնակ անցնելով գաղթի ճանապարհների սարսափների միջով, հասնում են Երեւան:
«Մեզ բերեցին Սախարովի հրապարակ, այնտեղ գրանցեցին: Խառնաշփոթ էր, ավտոյի մեջ մի կին կար, ով մամայիս հետ էր աշխատել: Երբ որ մեքենայից իջանք, բոլորը ցրվեցին, մենք երեք երեխա մնացինք կանգնած: Այդ ժամանակ մեր բարեկամները մեզ փնտրում էին, բայց չէին գտնում: Էդ կինն ասաց մի վախեցեք, ես ձեզ կտանեմ: Երեք մորաքույրս Հոկտեմբերյանից եկել էին Երեւան, բայց մեզ չէին գտել: Մի հորեղբայր ունեի, Հրազդանում էր ապրում: Այդ կինը մեզ տարավ հորեղբորս տուն»:
Մեկ շաբաթից երեխաներին են միանում ծնողները: Իրենց հայրենիքում տուն, աշխատանք, մի ամբողջ կյանք թողած այս մարդիկ մի քանի տարի բնակվում են Հրազդան քաղաքում: Տուն չունեին, ապրում էին հանրակացարանում:
Հրազդանից իրենց ծննդավայրը շատ հեռու է, իսկ Քարվաճառից’ այնքա~ն մոտ…Այ այն սարի, Մռավի հետեւում է նրանց թողած-կորցրած, իրենցից խլած հայրենիքը… Քարվաճառ տեղափոխվելիս Թագուհին 24 տարեկան էր: Այստեղ է ամուսնացել, բալիկներ ունեցել, իր երեխաների մանկությունն անցնում է ազատագրված Քարվաճառում, խաղաղ երկնքի տակ: Ազատ ու խաղաղ Քարվաճառը նրանց հայրենիքն է, նրանց իրավունքը…
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում