Թուրքիայում քաղաքական 77 կուսակցություն է գործում

Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրապետական դատախազության տվյալներով’ այդ երկրում քաղաքական 77 կուսակցություն է գործում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նշվում է, որ 77 կուսակցությունից ամենահինը 1983 թ-ին հիմնադրված Դեմոկրատական կուսակցությունն է (DP), իսկ ամենաերիտասարդը’ այս տարվա հոկտեմբերի 1-ին հիմնադրված Գեզի կուսակցությունը (GP):

Թուրքիայում գործող բազմաթիվ քաղաքական կուսակցությունների թվում մի քանիսն են, որոնք ակտիվորեն մասնակցում են երկրի քաղաքական կյանքին: Դրանցից են 1983 թ-ին հիմնադրված Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունը, 1984 թ-ին հիմնադրված «Ժողովուրդ» կուսակցությունը, 1985 թ-ին ստեղծված Դեմոկրատական ձախ կուսակցությունը (DSP), 1992 թ-ին ստեղծված Աշխատանքի կուսակցությունը (IP) եւ դրանից հետո ստեղծված մի քանի կուսակցություններ:

Ցուցակում տեղ են գտել նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (AKP), գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը (BDP) եւ հանրությանը գրեթե անծանոթ բազմաթիվ այլ կուսակցություններ:

Ուշագրավ է, որ 77 կուսակցություններից 2009 թ-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընդամենը 19-ը, իսկ 2011 թ-ի խորհրդարանական ընտրություններին’ 15-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում