Մեր Մոնթեն…

Մոնթե անունն այն անուններից է, որոնք թեեւ ծագմամբ հայկական չեն, բայց առանց որեւէ կասկածի հայկական են դարձել: Հայրենասիրական, հայրենատիրական, արցախյան անուն է Մոնթեն:
«1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով Մոնթեն ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը», կարդում ենք Մոնթեի կենսագրության մեջ։

Մոնթեի ազատագրած Քարվաճառում, որտեղ ազատագրումից 20 տարի անց մոտավորապես 700 հոգի մարդ է բնակվում, ապրում է նաեւ Մոնթե անունով մի պատանի: Տղան ծնվել է Քարվաճառում ու ստացել իր հայրենիքն ազատագրողի անունը: Մեր Մոնթեն թերեւս դեռ չի էլ հասկանում, որ իր անունն իր համար ե´ւ մեծ պատիվ է, ե´ւ մեծ պատասխանատվություն: Իր անունն առաջին անգամ լսողն անպայման ժպտում է հպարտ ու թախծոտ, ու հավատով նայում երեխայի պայծառ աչքերին:

Մեր Մոնթեն չարաճճի է, բոլոր ուսուցիչների կյանքը կերել է, միեւնույն ժամանակ արժանապատվության բարձր զգացում ունի, կենսունակ է ու դիմացկուն: Քարվաճառում մանկությունն ապրած պատանին չի կարող դիմացկուն չլինել:

Մոնթե Մելքոնյանն իր կյանքը տվեց Արցախի ազատագրման համար, ու նրան վարձահատույց լինելու միակ հնարավորությունն ազատագրված հողին Մոնթեներ պարգեւելն է…

Համոզված եմ, Մոնթեի հոգին զգում է ամեն մի նոր բալիկի ծնունդն իր արյամբ ազատած հողում ու հենց դրանով էլ հանգիստ է…

Թամարա Գրիգորյան
Քարվաճառ

Հ.Գ. Լուսանկարում քարվաճառցիներ Ներսեսը, Մոնթեն եւ Էրիկն են` Արցախյան գոյամարտում ընկած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում