Գեղարքունիքի մարզում մոմավառությամբ հարգեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակ ձգվող ճանապարհի լուռ ու բազմամարդ երթը ցույց տվեց, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի պատճառած համազգային վերքերը ոչ միայն ոչ մի կերպ չեն մոռացվել, այլ 25 տարիների հեռվից շարունակում են հիշվել նույն ցավ ու կսկիծով, խոնարհմամբ ու խնկարկումով:
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար կազմը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, կրթամշակությաին հաստատությունների եւ այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր քաղաքացիներ ծաղկեդրումով եւ մոմավառությամբ հարգեցին Մեծ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:
Գավառի Սուրբ աստվածածին եկեղեցում Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա հորդորեց ներկաներին’ աղոթք անել առ Աստված, եւ, ի հիշատակ տասնյակ հազարավոր հայ նահատակների, նրանց հոգիների փրկության համար’ անդուլ աշխատանքով շենացնել ու զորացնել հայոց հայրենիքը’ որպես ամոքում 25 տարի առաջ տեղի ունեցած հոգեցունց ողբերգության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում