Իրանը կտրուկ է արձագանքել Իսրայելի նախագահի հայտարարությանը

Իրանի իշխանությունները բացառել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ երկրի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հնարավորությունը: Այս մասին  հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Մարզիեհ Աֆղամը:

Իրանցի դիվանագետն այդ հայտարարությունն արել է ի պատասխան նախօրեին Շիմոն Պերեսի հնչեցրած այն ենթադրությանը, որ կարող է հանդիպում տեղի ունենալ իր եւ Իրանի նորընտիր նախագահի միջեւ:

Իրանի ԱԳՆ խոսնակն այդ առնչությամբ ասել է, որ նման հանդիպումը բացառվում է այն պարզ պատճառով, որ Իրանը չի ճանաչում եւ երբեք չի ճանաչի Իսրայել պետությունը: Նրա խոսքով, հրեական կողմը նման քայլով փորձում է դուրս գալ այն մեկուսացված վիճակից, որում հայտնվել է Թեհրանի եւ միջնորդ «վեցյակի» միջեւ միջուկային համաձայնություն կնքվելու արդյունքում:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Ռոհանիի հետ հանդիպման հնարավորության մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել էր. «Ինչու ոչ: Ես թշնամիներ չունեմ: Իսրայելը Իրանին թշնամի չի համարում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում